«ԱՐՑԱԽԸ ՄԵՐ ՀԵՏԱԳԱ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՓՈՐՁԱՔԱՐՆ Է»
Մեղրու ծննդատնով մեկ տարածվեց բուժքրոջ ուրախ կանչը.
-Կարե՜ն է ծնվել, զինկո՜մ Կարեն...
Լսողները մտածեցին. «Ո՞Վ է այն երջանիկ մայրը, որի որդուն կոչեցին մեղրեցիների սիրելի զինկոմ ԿԱՐԵՆ ԱՖՈՅԱՆԻ անունով»։ Մեղրիում, Ագարակում, Շվանիձորում, Լեհվազում, Վարդանիձորում,Կարճևանում, այլուր ով գեթ մի խնդրով առնչվել, զրուցել էր ջահել զինկոմի հետ, միշտ հիշելու, մտապահելու էր նրա բարի, ժպտուն աչքերը, այրական հմայքը։ Երբ մեղրեցիները լսեցին Կարեն Աֆոյանի զոհվելու լուրը՝ կարկամեցին... Որպես հարգանքի, մեծարումի նշան՝ նրա լուսանկարը փակցրին տան ամենաաչքի զարնող տեղում, վարորդները՝ ավտոմեքենայի խցիկում, որպեսզի միշտ զգան արդարամիտ, խիզախ հայորդու ներկայությունը։
Ծնվել է ապրիլի 12-ին։ Զարմանալի զուգադիպությամբ՝ նրա կյանքի հիշարժան բոլոր իրադարձությունները նույնպես տեղի են ունեցել ապրիլի 12-ին։ Կնոջ՝ Մարինեի հետ ծանոթացել էր ապրիլի 12-ին։ Մարինեն սովորում էր Բաքվի երաժշտական դպրոցում, Կարենը՝ Բաքվի բարձրագույն զինվորական հրամանատարական ուսումնարանում։ Ծանոթությունից ուղիղ մեկ տարի անց՝ ապրիլի 12-ին Գերմանիայի Հալլե քաղաքում տեղի ունեցավ նրանց հարսանիքը։ Երբ 12 թվի առնչությամբ տանը կատակում էին, Կարենը կեսլուրջ-կեսկատակ ընդդիմանում էր. «Ձեռք չտաք իմ ծննդյան օրվան»։
...1985 թ. նոր նշանակում ստացավ՝ Լենքորան։ Ընտանիքով տեղափոխվեցին ծառայության նոր վայրը։ Սիրում էր զինվորական գործը, չէր խուսափում դժվարություններից և որտեղ էլ լիներ, ծառայում էր մեծ պատասխանատվությամբ, նվիրվածորեն։ Չգիտեր՝ կյանքն ի՛նչ անակնկալներ ունի պահած։
1988 թ. հայ ժողովուրդը, հավատալով գորբաչովյան կարգախոսներին, դուրս ելավ խաղաղ հանրահավաքների՝ պահանջելով չեղյալ համարել 1921 թ. հուլիսի 5-ի՝ Լեռնային Ղարաբաղը որպես ինքնավար մարզ մինչ այդ գոյություն չունեցած Ադրբեջանին բռնակցելու մասին անարդար որոշումը։ Կարեն Աֆոյանը պատմությունը լավ գիտեր, առանձնապես խորությամբ էր ուսումնասիրել Ստալինի կոպիտ միջամտությամբ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության անբաժանելի մաս կազմելու վերաբերյալ որոշումը չեղյալ համարելու պատմությունը։
1921 թ. հուլիսի 3-ին կուսակցության կովկասյան բյուրոյի որոշմամբ՝ Հայաստանին հանձնարարվում է ընդունել հռչակագիր, որով պետք է Ղարաբաղը ներառվեր Խորհրդային Հայաստանի սահմանների մեջ։ Դրա հիման վրա Հայաստանի ժողկոմխորհն ընդունեց հռչակագիր. «Ադրբեջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության հեղկոմի հռչակագրի և Հայաստանի ու Ադրբեջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությունների միջև եղած համաձայնագրի հիման վրա հայտարարվում է, որ Լեռնային Ղարաբաղը այժմվանից կազմում է Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության անբաժանելի մասը»։
Այսօրինակ դեպքերի համար նախատեսված բոլոր օրենքների հիման վրա ընդունված որոշումը Ստալինի կոպիտ թելադրանքով կասեցվեց, և Նարիմանովը կարողացավ հուլիսի 4-ին Հայաստանի օգտին կայացված որոշումն ի չիք դարձնել։ Հաջորդ օրը բյուրոն՝ նույն կազմով և Ստալինի մասնակցությամբ կրկին անդրադարձավ Ղարաբաղի հարցին, և առանց քննարկման ու քվեարկության ընդունվեց միանգամայն այլ որոշում. «ա) Ելնելով մահմեդականների ու հայերի միջև ազգային խաղաղության անհրաժեշտությունից և Վերին ու Ներքին Ղարաբաղի տնտեսական կապից, նրա մշտական կապը Ադրբեջանի հետ, Լեռնային Ղարաբաղը թողնել Ադր. ԽՍՀ սահմաններում՝ նրան տալով մարզային լայն ինքնավարություն՝ վարչական կենտրոն Շուշի քաղաքով, որը մտնում է ինքնավար մարզի մեջ։
բ) Հանձնարարել Ադրբեջանի Կենտկոմին՝ որոշելու ինքնավար մարզի սահմանները և ներկայացնելու ՌԿԿ Կովբյուրոյի հաստատմանը։
գ) Կովբյուրոյի նախագահությանը հանձնարարել պայմանավորվելու Հայաստանի Կենտկոմի ու Ադրբեջանի Կենտկոմի հետ՝ Լեռնային Ղարաբաղի արտակարգ կոմիսարի թեկնածուի մասին։
դ) Ադրբեջանի Կենտկոմին՝ պարզել և Կովբյուրոյի հաստատմանը ներկայացնել ինքնավարության ծավալը»։
Մյասնիկյանը հուլիսի 5-ին հռչակված ապօրինության դեմ չկարողացավ ընդվզել։ Տասն օր անց միայն Հայաստանի կուս. կենտկոմի բյուրոն անհամաձայնություն է հայտնում հիմնովին սխալ որոշման դեմ, և ամիսներ անց միայն՝ 1922 թ. հունվարին, Հայաստանի կոմկուսի առաջին համագումարում Ալ. Մյասնիկյանն անդրադառնում է Անդրերկրկոմում տիրող անառողջ մթնոլորտին և անհամաձայնություն հայտնում Ղարաբաղի խնդրի անարդար լուծման վերաբերյալ։ Այդպես ադրբեջանական կողմը Անդրերկրկոմի որոշումով նվաճեց Լեռնային Ղարաբաղի տարածքը՝ տեղի բնակչության 94,6 տոկոս կազմող հայությանն ինքնավարություն տալու պայմանով։ Տասնամյակներ շարունակ հայոց Արցախի մտավորականությունը, տարբեր խավերի ներկայացուցիչներ դիմումներ, նամակներ էին հղում Կրեմլի ղեկավարներն՝ նկարագրում ադրբեջանական իշխանություննեի անարդարացի, խտրական վերաբերմունքը արցախահայության նկատմամբ՝ խնդրելով չեղյալ համարել 1921 թ. հուլիսի 5-ի որոշումը, սակայն անարդյունք։
Եվ հանկարծ հնչում են դեմոկրատիայի, վերակառուցման վերաբերյալ գորբաչովյան կարգախոսները, որ խանդավառությամբ են համակում Արցախի ժողովրդին։ Ստեփանակերտում բազմամարդ հանրահավաքներ են տեղի ունենում՝ Արցախը մայր Հայաստանին վերամիավորելու կոչերով։ Նույնը՝ Երևանում։
1988 թ. փետրվարի 26-ին Գորբաչովը, որի հետ համայն հայ ժողովուրդը արդարության վերականգնման մեծ հույսեր էր կապում, լավ գիտենալով կատարվելիքը, կոչով դիմեց Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդներին՝ որ խորհրդային ղեկավարությունը գիտե, թե որքան չլուծված հարցեր կան, որոնք պետք է լուծել «հանգիստ, ժողովրդավարության ու օրինականության սահմաններում»։ Հավատ ընծայելով Խորհրդային Միության առաջին դեմքի հնչեցրած ժողովրդավարություն, օրինականություն բառերին՝ հայերը դադարեցրին գործադուլն ու հանրահավաքները, գնացին աշխատանքի, իսկ Ադրբեջանում բարձրացավ դժգոհության մեծ ալիք՝ ո՜նց թե՝ ժողովրդավարության ու օրինականության սահմաններում, և տեղի ունեցավ մինչ այդ բազմազգ երկրի համար չլսված բան՝ ինտերնացիոնալ համարում ունեցող Սումգայիթ քաղաքում հենց նույն օրը՝ փետրվարի 26-ի կեսօրն անց գազազած խմբերը հարձակվեցին հայերի վրա։ Տեղի ունեցավ նախօրոք ծրագրված ահավոր սպանդ, որն ավարտվեց միայն փետրվարի 29-ին։ Հակահայկական ալիքը տարածվեց Կիրովաբադում, Նուխիում, ԼՂԻՄ-ի սահմաններում։
Սումգայիթյան նախճիրի օրերին Կարենը ծառայում էր Նախիջևանում։ Իմանալով կատարվածի մասին՝ նա հասկացավ, որ վաղ, թե ուշ իր ընտանիքը նույնպես կարող է հայտնվել այդ վիճակում։ Ծանր կացությունից դուրս գալու ելք էր փնտրում։ Արդեն դեկտեմբերն էր։ Հրամանատարությունից մի քանի օրով բացակայելու թույլտվություն խնդրեց։ Չթույլատրեցին։ Հավատարիմ ընկերների օգնությամբ՝ տանեցիներին հաջողվեց հեռանալ Լենքորանից։ Մեծ դժվարությամբ Կարենը գտավ նրանց, ու մի տխուր, շատ տխուր օր՝ ահեղ երկրաշարժից երկու օր անց հասան Երևան։ Սկզբում ապրում էին բարեկամների տանը։ Բավական ջանքեր գործադրելուց հետո Կարենին հաջողվեց Հարավարևմտյան զանգվածի Բ-2 թաղամասի բարձրահարկ շենքերից մեկի կիսանկուղային տարածքում բնակվելու թույլտվություն ստանալ։ Նախիջևանում վիճակը դառնում էր անկանխատեսելի։ Պետք էր փոխել ծառայության վայրը։ Կարողացավ նշանակում ստանալ Լենինականի (Գյումրի) զորամասերից մեկում, այնուհետև ծառայության անցավ Մեղրիի զինկոմիսարիատում։ Հանրապետության ամենաերիտասարդ զինկոմն էր։ ՈՒշ-ուշ էր այցելում ընտանիքին։ Ամեն այցելության կնոջը սիրտ էր տալիս. «Բարդ ժամանակ է, դիմացիր»։ Տանեցիք համակերպվեցին, համբերատար ու կարոտով սպասում էին, թե երբ կգա, ու տունը կլցվի նրա ժպիտով, ջերմ խոսքերով։ Հետո կատարվեց անկանխատեսելին.1992 թ. մարտի 27-ին ստացվեց դաժան լուրը՝ Կարեն Աֆոյանը զոհվեց Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում ընթացող թեժ մարտերից մեկի ժամանակ։
...Այդ տարիներին ես չէի կտրվում Եռաբլուրից։ Բլուրը, որտեղ դպրոցական տարիներին ուսուցիչների ղեկավարությամբ շաբաթօրյակների ժամանակ ծառեր էինք տնկում, որպեսզի փուշ ու տատասկի փոխարեն ծառ ու թփերի կանաչով պատվի, դարձավ Արցախյան ազատամարտում զոհված հայ քաջորդիների վերջին հանգրվանը։ Նրանցից շատերին ճանաչում էի, հանդիպել էի օպերայի հրապարակի հանրահավաքներում, հետո՝ Շուշիում, Ստեփանակերտում՝ մարտադաշտից վերադառնալիս, մարտադաշտ մեկնելիս... Զրուցում էի նրանց հետ, նրանց մասին ակնարկներ տպագրում, ու մի օր էլ թերթը բացելիս կարդում ցավալի գույժը... ՈՒ քայլերս ինձ ակամա տանում էին Եռաբլուր, որն արդեն կոչվում էր զինվորական պանթեոն։ Այցելում էի, խոնարհվում քաջերի շիրմաթմբերին, որոնց շարքերը, ցավոք, ավելի ու ավելի էին ստվարանում։ Սկսեցի գրառել զոհված մարտիկների մասին ծնողների, հարազատների պատմությունները։ Վավերագրական այդ ակնարկները տպագրվեցին Հայաստանի ու Սփյուռքի թերթերում, ամսագրերում։
...Մեղրիի զինկոմի զոհվելուց օրեր անց այցելեցի նրա ընտանիքին։ Սփոփանքի կցկտուր խոսքերից հետո կնոջը՝ Մարինեին, խնդրեցի պատմել Կարենի մասին։ Երկար լուռ էր։ Հետո ձեռքի ափով սրբեց արցունքը և տխուր, ընդհատուն շնչով սկսեց խոսել.
-Երկինքը փուլ եկավ գլխիս։ Ճիշտ Քրիստոսի տարիքին էր։ Երբ զոհվելու լուրը հայտնեցին, վայրկենապես երազանքներս փոշիացան, կյանքս իմաստազրկվեց։ Չգիտեի... չէր ասել, չէր ակնարկել, որ Արցախում ռազմական առաջադրանքներ է կատարում, մտերիմ է Մոնթեի հետ։ Հավանաբար խնայում էր ինձ։ Զոհվելու լուրն առնելիս ուղեղիս մեջ հնչեց նրա մի խոսքը, որն այն ժամանակ չկարևորեցի, լուրջ չընդունեցի. «Եթե ինձ մի բան պատահի, ձեր մասին հոգացողներ կլինեն»։ ՈՒրեմն գիտեր, որ այդ բանը պատահելու է...
Այսօր ինձ համար ամենաթանկ բանը Կարենի շքանշաններն են։ Վերցնում եմ, նայում, լուռ զրուցում դրանց հետ։ Ջանալու եմ զավակներիս, որոնց ծնունդով այնքան երջանիկ էինք, այնպես դաստիարակել, որ հոր կերպարին արժանի լինեն։ Քրիստինեն գերազանց է սովորում, որոշել է ընդունվել Երևանի պետհամալսարանի իրավաբանության ֆակուլտետ, Ռոմանը նույնպես դպրոցն ավարտելուց հետո կշարունակի ուսումը։
Մարինեի մայրը՝ տիկին Ռայան, չէր կարողանում թաքցնել արցունքները.
-Կարենն ինձ համար փեսա չէր, որդի էր։ Նրանից տեսել եմ այն քնքշությունն ու հոգատարությունը, որ հարազատ զավակն է դրսևորում մոր հանդեպ։ Բոլորի հանդեպ էր ուշադիր, հոգատար։ Որքա՜ն էր նվիրված իր զինվորներին։ Մի անգամ գիշերվա ժամը 3-ին տուն մտավ, ասաց. «Մայրիկ, զինվորական խոհանոցը տեղ չի հասել, իսկ առավոտյան ՈՒչթափայում (Բաքվից 40 կմ հեռու) զորավարժություններ են լինելու, երեխաներին հո քաղցած չեմ տանջելու, եկել եմ ուտելիք տանեմ»։ Տանն ինչ կար, հավաքեց, տարավ։ Երբ հերթական հայ զինվորին բերում էր տուն՝ միասին ճաշելու, մեղմորեն ասում էր Մարինեին. «Քեզ նեղություն մի տուր, ճոխ բաներ պետք չեն, մի հասարակ ձվածեղն էլ բավական է, որ զինվորն իրենց տան, մոր շունչն զգա»։ Զինվորական աշխատանքն իր տարերքն էր։ Սումգայիթի եղեռնի մասին փաստագրական գիրք էր գրում, կիսատ մնաց։
Ապրիլի 12-ին՝ Կարեն Աֆոյանի ծննդյան օրը, Մարինեն, զավակները՝ Քրիստինեն, Ռոմանը, հարևանները և նրանք, որ գիտեին Մեղրիի ջահել զինկոմի կյանքի պատմությունը, միասին բարձրացան Եռաբլուր՝ ծաղիկներ խոնարհելու հերոսի շիրմին։ Նրանց հետ էր նաև Կարենի մտերիմ ընկերը՝ Կոլյա Բալասյանը։ Խնդրեցի պատմել Կարենի մասին։
-Նա տոհմիկ զինվորական ընտանիքից էր, ծնյալ զինվոր։ Հայրը՝ փոխգնդապետ Մարկլեն Աֆոյանը, դեռ մանկուց որդուն ներարկել էր զինվորական կյանքի հանդեպ սերը, դաստիարակել անվանի հայ զորապետների խիզախության ոգով։ Բաքվի բարձրագույն զինվորական ուսումնական հաստատությունում միասին էինք սովորում։ Մտերիմ ընկերներ էինք։ Պարզ, համեստ պահվածքով Կարենը տարբերվում էր մյուսներից։ Գրականության, արվեստի սիրահար էր, նուրբ հումոր ուներ։ Գունեղ, ճառագուն էություն էր, որի հմայքին ենթարկվում էին։ Դժվարին պահերին ընկերոջը նեցուկ էր, երբեք մենակ չէր թողնի։ Ապագայի մեծ ծրագրեր ուներ։ Բանակի, երկրի համար կարևոր գործեր կաներ, եթե չզոհվեր։
Ի դեպ, միմյանցից անտեղյակ, երկուսս էլ սիրահարվել էինք երաժշտական դպրոցի նույն դասարանում սովորող երկու Մարինեներին։ Այդ մասին իմացանք շատ հետո՝ Գերմանիայում, ուր մեզ նշանակել էին ծառայության։ Երբ հանդիպեցինք և ողջագուրվելուց հետո ուզում էինք ներկայացնել մեր կանանց, նրանք ծիծաղեցին. «Մենք մտերիմ ընկերուհիներ ենք»։
Կարենը հաճախ էր մեկնում Արցախ, հիմնականում՝ Մարտունու շրջան։ Ռազմական գործի իր իմացությունը, հարուստ փորձը ջանում էր առավելագույնս ծառայեցնել պաշտպանության կազմակերպման գործին, մասնակցել մարտական գործողություններին։ Այդ ոգին գալիս էր իր արմատներից։ Ասում էր. «Ես ղարսեցի եմ, մայրս՝ արցախցի։ Արցախը մեր հետագա ճակատագրի փորձաքարն է»։
ՀՈԳԱՑՈՂՆԵՐ ԵՂԱՆ...
1996 թվականի Ամանորը Կարեն Աֆոյանի ընտանիքը դիմավորեց նոր բնակարանում։ Իմանալով, որ շատ պիտի ուրախանամ, ինձ հյուր հարվիրեցին։ Երբ մտա Արարատյան դաշտին նայող պատուհաներով երեքսենյականոց, ճաշակով կահավորված բնակարանը, սիրտս ուրախությամբ լցվեց։ Հետկեսօրյա արևի ջերմ շողերի ներքո սուրճի սեղանի շուրջը ծայր առավ հուշերով լի, անկեղծ, սրտամոտ զրույց։ Երկու կին՝ մայր ու դուստր, թախծոտ ժպիտով հիշում էին անցյալ գեղեցիկ օրերը, երբ Կարենն իրենց հետ էր, ու թվում էր, թե ոչինչ չի կարող խաթարել իրենց երջանիկ կյանքը։ Ո՜վ կմտածեր, որ բազմազգ, հզոր, լայնարձակ երկիրը կփլուզվեր, անհաշտություն կտիրեր ամենուր, որ հինավուրց հայկական Արցախի ժողովրդի՝ մայր հայրենիքի հետ միավորվելու արդար պահանջը պատճառ կդառնար սումգայիթյան սպանդի, հայկական բնակավայրերի ավերման, ամայացման, բռնագաղթի...
Մարինեն կրկին հիշեց Կարենի՝ Մեղրի, իրականում Արցախ, մեկնելուց առաջ ասած խորհրդավոր նախադասությունը. «Եթե ինձ մի բան պատահի, ձեր մասին հոգացողներ կլինեն»։ ՈՒ խորհրդանշական էր, որ այդ հոգատարությունը դրսևորել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ զոհված սպայի ընտանիքին բնակարան էր հատկացրել, որպեսզի հայրենի հողի ազատության համար զոհված սպայի ընտանիքն ապրի արժանավայել կյանքով, մարդիկ չասեն՝ զոհվեց հայրենիքի համար, իսկ ընտանիքն ապրում է ժամանակավոր կացարանում։ Շատ զարմացա, երբ Մարինեն ասաց, որ երկար ժամանակ չեն ուզել կիսանկուղից տեղափոխվել նոր բնակարան։ Զարմանքս զգալով՝ բացատրեց.
-Այնտեղ Կարենի հետ կապված հուշեր կային։ Նաև հարևանների, բակի բնակիչների հետ էինք շատ կապված։ Չափազանց հոգատար էին մեր հանդեպ։ Սուրեն Մնացականյանը, թեև կինը ծանր հիվանդ էր, օգնեց, որ տեղադրենք Կարենի հուշաքարը։ Երբ Ռոմանը բակում խաղալիս ընկավ, կոտրեց թևը, հարևանները ոչ միայն շտապ հիվանդանոց հասցրին, այլև հոգացին բուժման ծախսերը։ Նոր տարի էր գալիս, իսկ մենք ոչինչ չունեինք սեղանին դնելու։ Ճնշվում էի երեխաներիս հայացքներից, բայց կրկին հարևաններիս ուշադրության շնորհիվ՝ մեր սեղանն իրենց սեղաններից ճոխ ստացվեց։
Միայն հարևանները չեն հոգատար եղել։ Երբ բացել են իրենց հատկացված բնակարանի դուռը, սարսափել են։ Տարիներ շարունակ թափուր մնալով՝ այն հիմնովին թալանվել էր, դարձել ապրելու համար անպիտան։ Անելանելի վիճակում էին... Եվ կրկին հայտնվել են հոգացողներ։ «Մարս» գործարանի տնօրեն Ստեփան Դեմիրճյանի ջանքերով ավերակ բնակարանը ոչ միայն հիմնովին նորոգվել է, այլև խոհանոցի կահույք են նվեր ստացել։ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավար Վահան Զատիկյանը, որն ինքն էլ անցել էր ազատամարտի դժվարին արահետներով, Աֆոյաններին 500 քմ հողակտոր է հատկացրել նրանց բնակարանից ոչ հեռու այգիների տարածքում։ Լսում էի ու մտածում՝ մարդկային բարությունը կարող է հրաշքներ գործել։
Մի օր էլ Մարինեն զանգահարեց, հայտնեց, որ Սվերդլովսկի մարզի Սևերոմորսկ քաղաքից թոռներին տեսության է եկել Կարենի հայրը՝ պահեստազորի փոխգնդապետ Մարկլեն Աֆոյանը, և թիվ 190 դպրոցում, որտեղ սովորում են Քրիստինեն ու Ռոմանը, հանդիպում են կազմակերպելու նրա հետ։ Գնացի հանդիպմանը։ Մարկլեն Աֆոյանը շատ հուզվեց, երբ աշակերտները զրնգուն ձայներով մանրամասն, պատկերավոր ներկայացրին Կարեն Աֆոյանի մարտական ուղին։ Ինքն էլ հետաքրքիր հիշողություններ պատմեց որդու դպրոցական տարիներից։ Վերջում, որպես պատգամ, ավելացրեց. «Երեխաներ, հնարավոր է, որ ձեզանից բոլորը չկարողանան գերազանց սովորել, բայց բոլորդ պարտավոր եք սիրել ձեր հայրենիքը, այլապես չարժե ապրել»։ Այդ սերն էր, որ որդուն մղում էր մեկնելու Արցախ, ուր ընթանում էին պատերազմական թեժ գործողություններ։
Կարեն Աֆոյանի անավարտ գրքում տրոփում է սերնդեսերունդ փոխանցվող սերը հայրենիքի հանդեպ։ Նա ապրեց բոցի պես կարճ կյանք՝ հայրենիքին նվիրումի հավերժող խորհրդով։
-Կարե՜ն է ծնվել, զինկո՜մ Կարեն...
Բուժքրոջ ձայնը դեռ ղողանջում է Մեղրիի լեռներում...
Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ